Եղեգնաձոր համայնքը կազմավորվել է 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում: Խոշորացված համայնքը ներառում է թվով 5 բնակավայր՝ Եղեգնաձոր, Գլաձոր, Մալիշկա, Գետափ և Վերնաշեն:
Եղեգնաձոր համայնքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում՝ Վայոց ձորի մարզում՝ մայրաքաղաք Երևանից 123 կմ հյուսիս-արևելք: Համայնքի կենտրոն Եղեգնաձորը հանդիսանում է նաև Վայոց ձորի մարզկենտրոնը: Համայնքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին: Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանին կապող մայրուղին:
Եղեգնաձոր համայնքը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ միջին բարձրության վրա: Համայքնի ֆիզիկաաշխարհագրական կոմպլեքսները ներկայացված են ցածրադիր և միջին բարձրության գոտիներում, որտեղ գերիշխում են կիսաանապատները և չոր տափաստանները:
Տեղակայված լինելով պատմական Մետաքսի ճանապարհի և կառուցվող հարավային զբոսաշրջային միջանցքի վրա՝ համայնքն աչքի է ընկնում իր զբոսաշրջային հնարավորություններով և զարգացման միտումներով: Համայնքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, եկեղեցիներով, թանգարաններով, ամրոցներով: Ամեն այցելու կցանկանա տեսնել Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սպիտակավորը, Պռոշաբերդը, Թանահատի վանքը և այլ տեսարժան վայրեր, որոնք հյուրերի ուշադրությունն են հրավիրում դեպի մեր պատմությունն ու մշակույթը:
Համայնքում բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, խաղողագործությամբ, գինեգործությամբ, չորացած մրգերի արտադրությամբ, մեղվաբուծությամբ: Եղեգնաձորում ակտիվորեն աճում է հյուրատնային բիզնեսը, օրեցօր ավելանում են համտեսի սրահները, գաստրո բակերը, որոնք ապահովում են կայուն հիմք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար:
Facebook
Location on Google Maps
YouTube