Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին: Թանգարանը հանդիսանում է Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից մեկը: Թանգարանի չորս սրահներում ներկայացված են մոտավորապես 12.000 նմուշներ՝ քարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ, մ․թ․ա 3- 2-րդ դարերին պատկանող սև և կարմիր խեցեգործ իրեր, ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ, Եղեգիսի 13-րդ դարի հրեական գերեզմանատնից բերված նմուշներ: Հատկապես տպավորիչ արվեստի գործ է 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքարը: Այս խաչքարը նրան վերագրվող երեք խաչքարերից մեկն է: Դրամագիտության բաժնում կան թղթադրամներ, պղնձե և արծաթե մետաղադրամներ, որոնք վերաբերում են մ. թ. ա. 1-ին հազարամյակին, կնիք մատանիներ, մեդալներ ու շքանշաններ: Թանգարանը հարուստ է Վայոց ձորի մտավորականների անձնական ֆոնդերով: Թանգարանում պահպանվում են նաև Առաջին և Երկրորդ Համաշխարհային, ինչպես նաև Արցախյան պատերազմներին վերաբերող փաստաթղթեր և լուսանկարներ:
Եղեգնաձորի պատկերասրահը հիմնադրվել է 1978թ.: Այն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բազմաթիվ ցուցադրություններ՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան նկարիչների աշխատանքներից: Դրանք իրենց լուման են ունեցել ազգաբնակչության գեղագիտական ճաշակի զարգացման գործում: Մասնաճյուղի վերանորոգումից հետո, վերաբացումը համընկել է 13-րդ դարի վերջ 14-րդ I կես. գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկ Վարդապետի (1260-1333/39թթ) ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ: Պարբերաբար կազմակերպվում են ցուցադրություններ: Այժմ ցուցադրվում են հայկական կերպարվեստի նշանավոր վարպետներ՝ Անատոլի Պապյանի, Վլադիմիր Սահակյանի, Հակոբ Անանիկյանի, Բաբկեն Քոլոզյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Հովհաննես Շարամբեյանի, Ղրդյան Մանուկի և այլոց աշխատանքները: Ցուցասրահները համապատասխանում են արդի ցուցահանդեսային պահանջներին:
Պատկերասրահը գտնվում է ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1 հասցեում:
Թանգարանը գտնվում է Վերնաշենի պատմական Սուրբ Հակոբ եկեղեցում։ Թանգարանում կարող եք ծանոթանալ 13-14-րդ դարերում գործող և շատ հայտնի Գլաձորի համալսարանի պատմությանը։ Ժառանգությամբ փոխանցվել և պահպանվել են բազմաթիվ աշխատանքներ, որը Գլաձորի համալսարանում ստեղծել են մանրանկարիչները, նկարազարդողները և պատմիչները։ Այստեղ նաև կան Աստվածաշնչեր, Ավետարաններ, ձեռագիր մատյաններ։ Թանգարանը ներկայացվում է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Թանգարանի հարակից տարածքում է գտնվում հանրահայտ Թանահատ վանքը, որտեղ 700 տարի առաջ տեղակայված է եղել համալսարանը, ու կոչվել <<երկրորդ փառահեղ Աթենք>> կամ <<Մայրաքաղաք իմաստնության>>։
Facebook
Location on Google Maps
YouTube