Սուրբ Աննա եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում: Այն կառուցվել է 2000 թվականին՝ Արա Աբրահամյանի բարերարությամբ: Սուրբ Աննան քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մեկ խորան, մեկ մկրտության ավազան, երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևելյան և հարավային կողմերում, երկու ավանդատուն, որոնցից մեկը նախատեսված է մոմավառության համար: եկեղեցին լուսավորվում է 5 էլեկտրական ջահերի, ինչպես նաև գմբեթի ութ և եկեղեցու երեսուն լուսամուտների շնորհիվ: Եկեղեցին ներսից զարդարված է որմնանկարներով: Խորանի վերևի պատի վրա պատկերված է Ս. Հոգու աղավնակերպ պատկերը, իսկ գմբեթի կաթողիկեն պահող չորս կամարների անկյուններում պատկերված են չորս Ավետարանիչների՝ Ս. Մատթեոսի, Ս. Մարկոսի, Ս. Ղուկասի ու Ս. Հովհաննեսի որմնանկարները: Եկեղեցու պատերին պատկերված են Հիսուս Քրիստոսի ծննդյան, մկրտության, խաչելության, հրեշտակի կողմից հարության ավետումի դրվագները: Կան դրվագներ նաև նվիրված հայոց պատմությանը՝ Հայոց դարձին, Գրերի գյուտին, ինչպես նաև Լուսավորչի տեսիլքներին: Եկեղեցում առանձնահատուկ դիրք է գրավում Սուրբ Աննայի՝ Մարիամ Աստվածածնի մոր որմնանկարը, ում անունով էլ կոչվում է եկեղեցին:
Եկեղեցու բակը շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով: Բակում կանգնեցված է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը հավերժացնող հուշահամալիր: Առանձնահատուկ կերպով աչքի է ընկնում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը:
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 12-րդ դարում, վերանորոգվել՝ 1878 թվականին: Այն բազիլիկ կառույց է, ունի մեկ ավագ խորան, երկու փոքրիկ ավանդատուն, մկրտության ավազան և մի փոքրիկ զանգակատուն, եկեղեցին լուսավորվում է վեց փոքրիկ լուսամուտների և երկու ջահերի շնորհիվ։ Ունի երկու փայտաշեն դռներ՝ եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում, ներսից զարդարված է հինգ մեծ ու փոքր սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Հիսուսի մկրտության, խաչելության դրվագները, Հիսուսը մանուկներին օրհնելիս և Սուրբ Աստվածածնի պատկերները։ Խորանի հետևի պատն ամբողջությամբ զարդարված է որմնանկարներով, ուր պատկերված են սերովբեներ և քերովբեներ հրեշտակներ, խաչեր, զարդանախշեր և այլն: Եկեղեցու բակում՝ արևմտյան դռան աջ և ձախ մողմերում, տեղադրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը նվիրված են Հայոց Մեծ Եղեռնի անմահ զոհերի հիշատակին, իսկ մյուսը՝ Սուրբ Վարդանանց նահատակներին: Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են մինչև 12-րդ դար:
Հայ հոգևորական և պատմաբան Ստեփանոս Օրբելյանն իր գրություններում Արկազի վանքը հիշատակել է 8-րդ դարում:
Արկազի Սուրբ Խաչը նշանավոր ուխտատեղի է, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ արևելք, Մալիշկա գետի հովտում, Արկազն գյուղատեղիում։ Եկեղեցու հարավարևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը, ինչի արդյունքում էլ այն ստացել է «Սուրբ Խաչ» անվանումը։ Վանքի մասին առաջին հիշատակումը թվագրվում է VIII դարին։ Վանքի ներկայիս եկեղեցին հիմնովին վերաշինվել է 1870-1871 թվականներին:
Այս բերդը կառուցել է Պռոշ իշխանը 13-րդ դարում, ուստի տեղացիներն այն սովորաբար անվանել և այժմ էլ անվանում են «Պռոշա բերդ», «Պռոշ իշխանի բերդ»։ Բոլորաբերդը եղել է իշխանանիստ, գրավել է լեռան գագաթի 1-1,5 հա տարածությամբ հարթությունը, ունեցել է բազալտաշար ամուր պարիսպ և ջրմուղ, որի խողովակները նշմարվում են մինչև այսօր։ Պահպանվել են պարիսպը և բուրգերը։ Բերդի ներքին պաշտպանական կառույցները, զինանոցները, զորանոցները, ինչպես նաև Պռոշյան իշխանների պալատը ավերվել են, թաղվել հողի հաստ շերտի տակ։ Արևելյան կողմում կա կանգուն մատուռ, իսկ 1-2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքը։ Գտնվում է Գլաձոր գյուղից 7 կմ հյուսիս:
Քյոշկ ամրոցը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս և Մոզան գետերի միջև գտնվող քարաժայռերով պատած բլրի մոտ։ Այս ամորոցը գոյություն է ունեցել մ.թ.ա. 2-1 հազարամյակներում: Այն համարվում է Սյունյաց աշխարհի հնագույն շինություններից մեկը։ Տեղացիները ամրոցի շրջակայքից հայտնաբերել են բազմաթիվ իրեր, ինչպես կենցաղային այնպես էլ մարտական նշանակություն ունեցող։ Եռաշարք պարիսպներով Քյոշկ ամրոցը կանգուն է մինչև այսօր։ 461 թվականին Գյուտ Արահեզացի կաթողիկոսի պատվերով ամրոցին կից կառուցվում է Վարդանանց եկեղեցին, որի նպատակն էր պատվով պահել Վարդանանց հիշատակի անունը: 17-րդ դարում, եկեղեցու խոնարհումից հետո, այդ նույն եկեղեցու տեղում կառուցվում է մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Սարգիս անվամբ: Եկեղեցին այժմ կոչվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով:
Արփա գետի վրա գտնվող այս միջնադարյան կամուրջը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածում՝ Ագարակաձոր գյուղի մոտ։ Ըստ տեղական ավանդությունների՝ 13-րդ դարում Պռոշյան իշխանն այն կառուցել է, որպեսզի հեշտ անցնի դեպի գետի մյուս ափին գտնվող իր պալատը։ Այսօր տեղացի անասնապահներն ակտիվորեն օգտագործում են այն իրենց հոտերը տեղափոխելու համար։ Կամուրջի սրածայր գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի գետը շրջապատող գեղեցիկ համայնապատկերը։
Վանքի շինարարությունը նախաձեռնել է իշխան Էյաչի Պռոշյանը, իսկ նրա որդին, Ամիր Հասան II- ը, հոր մահից երեք տարի անց՝ 1321 թվականին, ավարտել է շինարարությունը: Վանքը գտնվում է Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս: Վանքը հայտնի է Սպիտակավոր, ինչպես նաև Ծաղկեվանք /Ծաղկի վանք, Գյուլիվանք/ անուններով: Առաջին դեպքում վանքը կոչվել է Սպիտակավոր, քանի որ ողջ եկեղեցին կոռուցված է սպիտակ ֆելզիտ քարից: Իսկ Ծաղկեվանք անունը կապված է վանքի տեղանքի հետ: Գարնանը վանքի շուրջ ծաղկում են բազմաթիվ ծաղիկներ՝ շրջապատելով վանական համալիրի տարածքը: Ժողովուրդն այս վանքը ճանաչում է առավել շատ այս անունով:
Սպիտակավորի վանքը Հայաստանի մշակութային հուշարձանների ցանկում է: Այն փոքր վանական համալիր է, որը ներառում է եկեղեցին, գավիթը, զանգակատունն ու վանքը շրջանցող ամրոցապատը: Եկեղեցին ունի գմբեթավոր հորինվածք՝ ավագ խորանը շրջապատելով երկու փոքր ավանդատներով: Սպիտակավոր վանքն ամբողջությամբ զարդարված է բուսական և երկրաչափական շատ նուրբ ու մանրակրկիտ մշակված զարդաքանդակներով: Դրանցում հիմնականում պատկերված է Հիսուս Քրիստոսը: Գմբեթի հիմնային կամարի վրա պատկերված են հինգ սրբապատկերներ, որոնք, ըստ որոշ ուսումնասիրողների, Հիսուսն ու իր ավետարանիչներն են, իսկ մյուսներն էլ կարծում են, որ պատկերված է Հայր Աստվածը՝ իր չորս հրեշտակներով:
1987 թվականին Սպիտակավորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հուղարկավորել են Գարեգին Նժդեհի մասունքները:
Թանահատի վանքը կամ ինչպես շատ հաճախ կոչում են՝ Կարմիր վանքը, գտնվում է Վայոց ձորում՝ Վերնաշեն գյուղի հարավ-արևելյան հատվածում: վանքը կառուցված է կարմրավուն քարից, ինչի շնորհիվ էլ ստացել է երկրորդ՝ Կարմիր վանք անվանումը: Պատմաբան Ստեփանոս Օրբելյանը եկեղեցին թվագրում է 8-րդ դարին։ Հետագայում՝ 1273-1279 թվականներին, Պռոշյանների իշխանական տոհմն 8-րդ դարի մատուռի տեղում կառուցեց գլխավոր եկեղեցին՝ Սբ. Ստեփանոսը:
Թանահատի վանական համալիրի մաս են կազմում Սուրբ Ստեփանոս և Սուրբ Նշան եկեղեցիները, նվիրատվության մաս կազմող այգիներ, հողամասեր, ինչպես նաև տապանաքարեր և գերեզմանոցներ: Սուրբ Ստեփանոսի գմբեթը հովանոցաձև է՝ զարդարված բարձրաքանդակներով: Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է 13-րդ դարում կառուցված Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին: Թանահատի վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են:
Facebook
Location on Google Maps
YouTube