Այս կենտրոնը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է: Այստեղ նրանք՝ բանիմաց վարպետ Արթուրի ուղղորդմամբ սովորում են ամեն բան՝ սկսած տեղի բնական նյութերի առանձնահատկություններից մինչև Վայոց ձորի ծղոտագործության պատմությունը: Վայոց ձորի Արփա գետի ափերին աճող ուռենու ճյուղերով պատրաստված զամբյուղները օգտագործվում են ինչպես տան զարդարանքի, այնպես էլ կենցաղում՝ որպես կարասների և գինու շշերի կաղապարներ, հացամաններ կամ պահեստավորման դարակներ: Արթուրն իր հյուրերին ներկայացնում է ծղոտագործության ողջ ընթացքը՝ բացատրելով, թե ինչպես պետք է ընտրել, լվանալ, ջրի մեջ թողնել և չորացնել նյութերը ծղոտագործության համար: Տիրապետելով ծղոտագործության տեխնիկային՝ հյուրերը ստեղծում են նաև դիզայներական նոր աշխատանքներ:
Արմեն Սողոմոնյանը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Նա սովորում էր ճարտարապետաշինարարական ինստիտուտում, երբ սկսվեց պատերազմը: Կամավոր մասնակցելով մարտերին՝ ի վերջո նա որոշեց զինվորական դառնալ: 1996 թ. ծառայությանը զուգահեռ, ավարտեց Արցախի պետական համալսարանը, 1999 թ.ին էլ՝ ՌԴ Արցախի ռազմահրետանային ակադեմիան: Նրա կտավներում Հայաստանն է՝ իր չքնաղ բնաշխարհով և գողտրիկ անկյուններով: Նրա նատյուրմորտներում և բնանկարներում գույներով արտացոլվում է սերը դեպի հայրենիքի ամեն սանտիմետրը, հայրենի հողն ու ջուրը: Պատերազմը չի կարողացել քարացնել զինվորականի հոգին, այլ ընդհակառակը՝ նրա նկարներից լույս և ջերմություն է ճառագում: Չունենալով նկարչական կրթություն՝ նա կարողանում է իր նկարներով թափանցել մարդկանց հոգիները:
«Մոշ» ստուդիան իր մեջ ամփոփում է հիմնադիր Արմինե Աղաջանյանի երազանքը և սերը դեպի Վայոց ձորի գեղեցիկ բնությունը, ճարտարապետությունը և նորաձևությունը: Ստուդիայի խորհրդանիշը երազանք իրականացնող հրեշտակներն են: Կրթամշակութային այս հարթակը միևնույն գաղափարի շուրջ է համախմբել տասնյակ շնորհալի կանանց, որոնք ստեղծում են յուրահատուկ զգեստներ, շարֆեր, պայուսակներ և աքսեսուարներ: Ստուդիայի այցելուները մասնակցում են նաև տիկնիկագործության, բատիկայի, կար ու ձևի վարպետաց դասերի:
Facebook
Location on Google Maps
YouTube